Երիտասարդ ֆերմերների կարողություններն ու հմտություններն անասնապահության ոլորտում
Սույն թվականի հունիսի 1-ին 17 երիտասարդ ֆերմերներ, որոնք մասնակցել են «Երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացումը անասնապահության ոլորտում» ծրագրին, ներկայացրեցին իրենց կողմից մշակված գործարար/ներդրումային ծրագրերը:
«Երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացումը անասնապահության ոլորտում» ծրագիրը իրականացվում է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» նախագծի շրջանակում և նպատակ ունի խրախուսել երիտասարդներին` ներդնելու և կիրառելու նոր փորձ և մեթոդներ անասնապահության ոլորտում: Ծրագիրն իրականացվում է 3 փուլով` ուսուցում, մասնագիտական խորհրդատվությունն և տեխնիկական աջակցություն:
Ուսուցման փուլին մասնակցած Սյունիքի և Վայոց ձորի մարզերի երիտասարդ ֆերմերները ստացել են բիզնես պլանավորման շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսական պլանավորման գիտելիքներ և հմտություններ, որի արդյունքում մշակել են ներդրումային ծրագրեր: Ներդրումային ծրագրերի հիմնական ոլորտներն են «Մսացու ցլիկների բտում», «Կաթնատու հորթերի խնամք և պահվածք», «Խոտածածկի կառուցում», «Անասնագոմի վերանորոգում, կենդանիների խնամք և պահվածք»:
Իրատեսական ներդրումային ծրագրեր մշակած 17 երիտասարդ ֆերմերներ հաջողությամբ ներկայացրեցին իրենց գործարար ծրագրերը և անցան հաջորդ փուլ, որի ընթացքում կստանան աջակցություն իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար:
________________________________________
«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» նախագիծը իրականացվում է «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված կին և տղամարդ ֆերմերների եկամուտների աճին և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:
